Անհեռատեսություն է բանակի մարտունակության մասին եզրակացություններ անել «թղթե» տանկերի եւ ինքնաթիռների հիման վրա: Այս մասին հայտարարեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Global Firepower կայքում հրապարակված Ռազմական հզորության գլոբալ ինդեքսը:

Նրա խոսքով, այն, որ Ադրբեջանը վաղուց անտեսում է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագիրը, գաղտնիք չէ ոչ ոքի համար: «Մյուս կողմից, որեւէ եզրակացություն անել թղթի վրա գտնվող տանկերի եւ ինքնաթիռների մասին, անշնորհակալ գործ է: Այդպիսի սուտ-վերլուծաբանները շատ են: Օրինակ՝ ուկրաինական բանակը հայտնվել է աշխարհի բանակների տասնյակում»,- նշեց ռազմական փորձագետը:

Այդպիսի «հաշվետվություններ» կարելի է կազմել կես ժամում, բայց հարց է, թե որքանով են դրանք մոտ իրականությանը: Բացի այդ, այն, որ Ադրբեջանում փորձում են դա որպես ձեռքբերում ներկայացնել, ըստ Արկադի Գրիգորյանի, իրականում միջազգային պայմանագրերի խախտման անուղղակի հաստատում են:

Global Firepower-ի համաձայն, ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Չինաստանը ռազմական տեսանկյունից ամենաուժեղ համաշխարհային գերտերություններն են: Այդ վարկանիշում Ադրբեջանը 64-րդն է: Այդպիսով նա առաջ է անցել 74-րդ հորիզոնականում հայտնված Հայաստանից: Իսկ հարեւան Վրաստանը 75-րդ տեղում է: