2015 թվականին իրականացվել են շուրջ 28 դպրոցաշինության, 38 ճանապարահաշինության, 46 նախադպրոցական հաստատությունների վերանորոգման, 20 մշակութային, 39 ջրամատակարարման, 28 գազամատակարարման եւ այլ ծրագրեր:
Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, կառավարությունում ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ՏԿԱԻՆ)՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների կատարողականի հաշվետվությունը ներկայացնելիս նշել է ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը տեղեկացրել է, որ համայնքներում մի շարք հրատապ խնդիրների լուծման նպատակով 2015թ. պետական բյուջեով հատկացվել է ընդհանուր առմամբ շուրջ 4.4 մլրդ դրամ գումար: 94 ծրագիր իրականացվել է քաղաքային, իսկ 206-ը՝ գյուղական համայնքներում: 20 ընտանիք ապահովվել է բնակարանով (Արարատի, Արմավիր եւ Շիրակի մարզերում): Իրականացվել են շուրջ 28 դպրոցաշինության, 38 ճանապարահաշինության, 46 նախադպրոցական հաստատությունների վերանորոգման, 20 մշակութային, 39 ջրամատակարարման, 28 գազամատակարարման եւ այլ ծրագրեր:
Նախարարը հայտնել է, որ «Գործընկերության Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցություն» ծրագրի շրջանակում հայտարարված առաջին դրամաշնորհային մրցույթի արդյունքում ընտրվել են 8 ծրագրեր, որոնք իրականացվելու են Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերի եւ Վրաստանի Սամցխե–Ջավախեթի եւ Քվեմո-Քարթլի տարածաշրջանների միջեւ տեղական իշխանությունների, համայնքների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համատեղ ջանքերով` աջակցելու շահառու համայնքներին մշակել համընդհանուր սոցիալ-տնտեսական մարտահրավերներին դիմակայելու համատեղ լուծումներ:
Արմեն Երիցյանը նշել է, որ 2015թ. ՀՀ քաղաքացիների ՌԴ մուտքի արգելքի վերանայման խնդրանքով միգրացիոն պետական ծառայության կողմից ՌԴ դաշնային միգրացիոն ծառայություն է ուղարկվել 7826 դիմում, որոնցից պատասխան է ստացվել 7091-ի վերաբերյալ: Դրական պատասխանների թիվը կազմել է 54%-ը, մերժում ստացած դիմումներից 697-ն առնչվել է դատական կարգով վտարման դեպքերին:
Ըստ նախարարի, 2015թ. նոյեմբերի 1-ի դրությամբ` «911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոն հասցեագրված զանգերի թիվը կազմել է 999.506 զանգ:
Տեղեկացվել է նաեւ, որ Հայպետհիդրոմետի համակարգի 47 օդերեւութաբանական կայաններում, 7 գետավազանային հիդրոլոգիական կայանների 95 ջրաչափական դիտակետերում շարունակվել է հիդրոօդերեւութաբանական դիտարկումների գործընթացը: Հիդրոլոգիական կանխատեսումների արդարացման աստիճանը կազմել է տասնօրյակային կանխատեսումներինը` 96%, ամսական կանխատեսումներինը` 94%:
Անցած տարվա սկզբին նախարարության կողմից մշակվել են համայնքների խոշորացման պիլոտային ծրագրեր Լոռու, Սյունիքի եւ Տավուշի մարզերի որոշ համայնքներում, ինչպես նաեւ անցկացվել տեղական հանրաքվե:
Դրական գնահատելով նախարարության 2015թ. գործունեությունը ՝ վարչապետը նշել է, որ անցած տարի լուրջ աշխատանք է իրականացվել եւ արտակարգ իրավիճակների, եւ տարածքային կառավարման ոլորտներում: Գործադիրի ղեկավարը կարեւոր եւ հաջողված բարեփոխում է համարել համայքների խոշորացումը:



























