«Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամ Գեւորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամների` ՀՀ գլխավոր դատախազություն հանձնած նամակի պատասխանն այդպես էլ չի ստացվել:  NEWS.am-ի հետ զրույցում «Նոր Հայաստանի» անդամ Գագիկ Եղիազարյանը նշեց, որ դատախազությունից պատասխանել են, որ նամակը ստորագրված չի եղել եւ այդ պատճառով չեն պատրաստվում նամակին պատասխանել:

«Զանգեցի, ասացին, որ չեն էլ պատրաստվում մեզ պատասխանել, ասում են ստորագրված չի, բայց ոնց ստորագրված չի, եթե գրված է, որ ակցիայի մասնակիցների կողմից է, արդյոք դա ստորագրված չէ: Մեզ ուղղակի արհամարհում են, այլ բան չեմ կարող ասել»,-ասաց Գագիկ Եղիազարյանը:

Նշենք, որ փետրվարի 1-ին «Նոր Հայաստանի» անդամները նամակ էին հանձնել ՀՀ գլխավոր դատախազություն` Գեւորգ Սաֆարյանի գործով տուժող ճանաչված՝ Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանին պատժելու եւ Գեւորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: Գեւորգ Սաֆարյանը կալանավորված է: