Լոռու մարզի Կուրթան գյուղում անցած տարվա օգոստոսին սպանված 16-ամյա Վարդան Գեւորգյանի գործով փետրվարի 16-ին առերեսում է տեղի ունեցել:

«Առերեսում է տեղի ունեցել տուժողի իրավահաջորդի եւ սպանության մեջ մեղադրվողի հարազատներից մեկի միջեւ, քանի որ ցուցմունքները հակասում են միմյանց»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Կարեն Թումանյանը:

Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 28-ին որովայնի շրջանում ծակած-կտրած վերքերով Ստեփանավանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Կուրթան գյուղի բնակիչ, 16-ամյա Վարդան Գեւորգյանը, որը հվանդանոցի ճանապարհին մահացել էր:

Սպանությունը կատարելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր Կուրթան գյուղի բնակիչ Սեյրան Գեւորգյանը: Նա խոստովանել էր, որ դեպքի օրը՝ օգոստոսի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ինքն է իր կողմից օգտագործվող դանակով հարվածել Վարդան Գեւորգյանին:

Սեյրան Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:

Սեյրան եւ Վարդան Գեւորգյանը բարեկամներ էին, բնակվում էին նույն թաղամասում: