13-ամյա Աբրահամ Թադեւոսյանի մոտ դեռ նախորդ տարվա հոկտեմբերին բժիշկները քաղցկեղ են ախտորոշել` Յուինգի սարկոմա (ոսկրի չարորակ նորագոյացություն):
NEWS.am-ի հետ զրույցում Աբրահամի մայրը` Աստղիկ Մարտիրոսյանը, նշեց, որ որդու բժշկական փաստաթղթերը Գերմանիա է ուղարկել: Պատասխանել են` հիվանդության բուժումը 70.000 եվրո կարժենա, սակայն Սարդարապատ գյուղում ապրող Թադեւոսյանների անապահով ընտանիքի համար սա չափազանց մեծ գումար է:
«Ճանապարհածախսի համար 8000 եվրո է պետք: Որ դա ունենայի գոնե, տղայիս հետ կգնայինք, էնտեղ «Կարմիր Խաչին» կդիմեի, կօգնեին... Բազմանդամ ընտանիք ենք, մեզ էդքան գումար որտեղի՞ց, գոնե մարդիկ օգնեին»,- ասաց տիկին Աստղիկը:
Մայրը պատմեց, որ հոկտեմբերին` հիվանդության հայտնաբերումից հետո, բժիշկներն առաջարկել են վիրահատել որդուն, խոստացել են`վիճակը կլավանա: Սակայն, կնոջ խոսքով, մեկ շաբաթում արված երկու վիրահատություններն անհաջող են անցել եւ Աբրահամին 2 ամիս զրկել քայլելու կարողությունից:
«Ամերիկացի բժիշկներ էին եկել, էստեղի բժիշկների հետ վիրահատեցին տղայիս, ասացին` վերջ, հեռացրինք ուռուցքը: Բայց հետո որ КТ արեցի, ցույց տվեց, որ ուռուցքը ոնց կա, էդպես էլ մնացել է»,- ասաց Աստղիկ Մարտիրոսյանը:
Տիկին Աստղիկի խոսքով՝ անհաջող փորձից հետո սկսել են հիվանդանոցից հիվանդանոց գնալ` որդու կյանքը փրկելու հույսով: Դեկտեմբերի 30-ից Աբրահամը բուժվում է Երեւանի «Մուրացան» հիվանդանոցում, արդեն հունվարի 10-ից տղան սկսել է կրկին քայլել, բայց ցանկացած պահի նրա վիճակը կարող է վատանալ, իսկ Գերմանիայում բուժում ստանալը փրկության տարբերակ է:
Աստղիկ Մարտիրոսյանն ասում է՝ բուժվելը 13-ամյա որդու միակ երազանքն է:
«Անընդհատ հարցնում է՝ մա՛մ, ես կփրկվե՞մ, ասում եմ` իհարկե, կփրկվես, Աստված կփրկի քեզ: Աստծո հույսով ենք ապրում»,- ասում է տիկին Աստղիկը:
Աբրահամի կյանքի փրկության համար կարող եք փոխանցումներ անել «ՎՏԲ-Հայաստան» բանկում Աստղիկ Մարտիրոսյանի անունով բացված հետեւյալ հաշվեհամարներին՝
16009032580602 ՀՀ դրամ,
16009032580603 ԱՄՆ դոլար,
16009032580604 եվրո,
16009032580605 ռուբլի:
Կամ զանգահարեն Աբրահամի մորը՝ Աստղիկ Մարտիրոսյանին 055 32 -69-47:



























