ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի թիվ 28/35 տեղամասային հանձնաժողովի նախագահ Հենրիկ Շահբազյանը քվեարկության ավարտից հետո փաթեթներով լցված պարկը, գրանցամատյանի եւ քվեարկության արդյունքների արձանագրությունների՝ հանրաքվեի ընտրատարածքային կենտրոնական հանձնաժողովներ ներկայացվող մեկական օրինակների հետ միասին ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխել է Աբովյան քաղաքի Բարեկամության հրապարակ 1 հասցե՝ այնտեղ տեղակայված թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին հանձնելու նպատակով:
Կողմնակից լինելով սահմանադրական փոփոխություններին, դժգոհ մնալով իրենց տեղամասում քվեարկության արդյունքներից եւ օգտվելով վարչական շենքի միջանցքում միայնակ գտնվելու հանգամանքից՝ Հենրիկ Շահբազյանը, քվեարկության իրական արդյունքները կեղծելու դիտավորությամբ, նշված երկու արձանագրություններում եւ գրանցամատյանում գրիչով կրկնագծման եղանակով կեղծել է թիվ 28/35 տեղամասի քվեարկության արդյունքները եւ արձանագրության կեղծված երկու օրինակները գրանցամատյանի հետ հանձնել ընտրատարածքային հանձնաժողովին:
Կատարած հանցագործության համար Հենրիկ Շահբազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով:
Նախաքննությունն ավարտելուց հետո քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




























