Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման եւ գնահատված կատարողականի հաշվետվությունը:

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ներկայացրել է հաշվետու տարում իրականացված միջոցառումները, մասնավորապես՝ 2014 թվականի դեկտեմբերի 1-ին «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ի հետ համաձայնագիր է ստորագրվել «Հին Երեւան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ եւ սեպտեմբերից տարածքում սկսվել է իրացման գործընթացը: Անցած տարի ներկայացվել է Ֆիրդուսի կամ 33-րդ թաղամասի ներդրումային-քաղաքաշինական ծրագիրը, որին հաջորդել է բանակցային գործընթացը՝ մի շարք օտարերկրյա ներդրողների հետ: Ըստ նախարարի՝ շինարարության ոլորտում կարեւորվել է կրթական, մարզական, մշակութային եւ առողջապահական օբյեկտների կառուցման, հիմնանորոգման եւ վերակառուցման աշխատանքների շարունակականությունը, ինչը նպաստել է նշված ոլորտների վերազինմանը եւ անհրաժեշտ ծառայությունների մատուցման մակարդակի էական բարձրացմանը:

Նախարարի տեղեկացմամբ, կառավարության պահուuտային ֆոնդից հատկացված ֆինանսական միջոցների հաշվին Վանաձոր քաղաքում Ծրագրի շահառու ճանաչված 14 ընտանիքի՝ բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով տրամադրվել են բնակարանի գնման վկայագրեր, իսկ Լոռու եւ Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման նպատակով մեկ սենյակի շահառու ճանաչված 15 ընտանիքի տրամադրվել է ուղղակի ֆինանսական աջակցություն: Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 104 ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը, ապա այդ նպատակով Ախուրյան համայնքում կառուցվող 3 բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքների վերսկսման, ինչպես նաեւ 33 ընտանիքների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման միջոցով ֆինանսական աջակցության տրամադրման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսվել են 2016 թվականի պետական բյուջեով:

Վարչապետին զեկուցվել է, որ քաղաքաշինության նախարարությունն անցած տարի հավաքագրել եւ ամփոփել է հանրապետության մարզերում առկա կիսակառույց օբյեկտների  վերաբերյալ տեղեկատվություն. ըստ այդմ՝հանրապետության մարզերում առկա են 230 կիսակառույց օբյեկտներ, որոնց շինարարական աշխատանքների վերսկսման, օգտագործման կամ քանդման  խնդիրներին լուծում տալու համար անհրաժեշտ է իրականացնել կիսակառույցների տեխնիկական վիճակի հետազննության աշխատանքներ:  Ներկայումս սահմանված կարգով ամբողջովին իրականացվել են կիսակառույցների տեխնիկական վիճակի հետազննության եզրակացությունների հանձնման-ընդունման աշխատանքները: Նախարարության կողմից մշակվել եւ կառավարության աշխատակազմ է ներկայացվել բազմաբնակարան շենքերի ոչ բնակելի տարածքների (տանիք, նկուղ) վերակառուցման, նորոգման ուղղությամբ համակարգված մեխանիզմների ներդրման վերաբերյալ առաջարկությունների փաթեթը:

Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ 2016 թվականին լուրջ մարտահրավերներ կան ոլորտի համար, ուստի պետք է հետամուտ լինել բոլոր նեդրումային ծրագրերի իրականացմանը: Նրա խոսքով՝ թեեւ անցած տարի շինարարության ոլորտում արձանագրվել է աճ, այդուհանդերձ այն բավարար չէ: Գործադիրի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է կատարել ոչ ստանդարտ,   համարձակ, բայց հիմնավորված որոշումներ: