Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը համոզված է՝ Երեւանի Բաղրամյան պողոտայում 9 հարկանի շենքի տանիքին կառուցված շինություններն ապօրինի են: Շենքը, որի լուսանկարը օրեր առաջ տարածվել էր սոցիալական կայքերում, ճարտարապետի խոսքով՝ վտանգի տակ է հայտնվել տանիքին կառուցված այդ մեկհարկանի ու երկհարկանի շինությունների պատճառով:

«Որեւէ մեկը վավերացված փաստաթղթով սարքած չի: Մտավոր կարողության տեր որեւէ  մարդ չի կարող ասել, թե դրանք օրինական ուժ կարող են ունենալ: Դրանք քաղաքացիների քմահաճույքով կառուցված գյուղակներ են տանիքներում: Քաղաքացիները շենքի կտուրը սարքել են հավանոցներ ասեմ, թե ինչ ասեմ: Դրանք հրդեհավտանգ են ու սեյսմակայուն չեն»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:

Ճարտարապետն ասում է՝ Հայաստանի անկախացումից հետո շատ է հանդիպել նման շենքերի քաղաքի տարբեր հատվածներում: Նա կարծում է՝ մարդիկ օրինական ճանապարհով չեն ստանում թույլտվություններ, եթե իհարկե, առհասարակ ստանում են:

«Եթե օրինական թուղթ էլ ունի, բոլորովին կապ չունի տրված նախագծի ու շինության հետ:  Թողտվության հետեւանք է, մարդիկ համարում են, որ կարելի է չենթարկվել պետությանը, օրենքներին: Այստեղ մեծ դեր է խախում նաեւ կաշառակերությունը, որ հսկող մարմինը տեսնում ու ձայն չի հանում»,- նշեց ճարտարապետը:

Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ պետք է քանդել այդ շինությունները ու թույլ չտալ, որ նման այլ շինություններ շարունակեն կառուցել:

Լուսանկարը՝ Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից