Վանաձորի Գեւորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում 2014թ. դեկտեմբերին տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ դանակահարված 17-ամյա Տիգրան Գեւորգյանն սկսել է իրեն համեմատաբար լավ զգալ, նա արդեն որոշ չափով կարողանում է ինքնուրույն քայլել: Այս մասին այսօր` փետրվարի 16-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տիգրանի մայրը՝ Արմինե Ղաբուզյանը՝ նշելով, որ Տիգրանը շարունակում է բուժումը եւ վերականգնողական կուրսեր է անցնում:
«Տեսողության հետ կապված տեսանելի առաջընթաց չկա, բայց համեմատաբար իրեն ավելի լավ է զգում: Բայց մեր օգնությամբ որոշ չափով արդեն կարողանում է քայլել, մենք դեռ մենակ չենք թողնում, որ քայլի, բայց կամաց-կամաց ստացվոմ է մոտը: Վերականգնողական կուրսերի է գնում, շնչառական վարժություններ է կատարում, որպեսզի լիարժեք վերականգնվի»,-ասաց տիկին Արմինեն:
Ավելի վաղ Արմինե Ղաբուզյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ իր որդին` Տիգրանը, կրծքավանդակի ու թիկունքի շրջանում կտրող-ծակող գործիքով վնասվածք է ստացել, մեծ քանակությամբ արյուն կորցնելու հետեւանքով տեսողությունը սկսել է թուլանալ, Տիգրանը զրկվել էր քայլելու ունակությունից։ Հետագայում Տիգրանը Իսրայելում տեսողության վերականգման կուրս է անցել, որից հետո որոշ չափով սկսել է նրա տեսողությունը վերականգնվել:
Մայիսից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում դանակահարության դեպքով դատաքննություն, որի ընթացքում հարցաքննվել են դպրոցի ուսուցիչները, աշակերտները: Դատարանում ցուցմունք տալուց հրաժարվել են ամբաստանյալ Նարեկ Ադամյանի մայրն ու քույրը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2014թ. դեկտեմբերի 2-ին Վանաձորի Գեւորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ժամանակ Վանաձորի բնակիչ 18-ամյա Նարեկ Ադամյանը դանակահարել էր 17-ամյա Տիգրան Գեւորգյանին եւ 17-ամյա Ռոբերտ Պ.-ին:
Նարեկ Ադամյանը դեպքից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ խոստովանել, որ ինքն է դանակով հարվածել Տիգրանին ու Ռոբերտին: Մայիսից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է դատավարություն:
Նարեկ Ադամյանը կալանավորված է:




























