Դանիայի սոցիալական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատողները փորձ են անցկացրել, որը պարզել է, որ դպրոցական ատեստացիայի հաջող արդյունքը կախված է քննությունը հանձնելու ժամանակահատվածից, հայտնում է PNAS պարբերականը:

Մասնագետները 3 տարի շարունակ ուսումնասիրել են 2000 դպրոցների դպրոցական քննությունների ծրագիրը:

Նրանք եկել են այն եզրակացության, որ հաջող արդյունքը կախված է 2 գործոնից: Առաջինը՝ օրվա ժամն է: Որքան քննությունը ուշ է լինում, այնքան վատ է լինում արդյունքը: Առավոտյան ժամը 9:00-ից սկսած՝ յուրաքանչյուր ժամ առաջադիմությունը 0.9 տոկոսով նվազում է: Քննության համար ամենալավ ժամանակահատվածը առավոտյան ժամը տասն է:

Երկրորդ գործոնը ընդմիջումն է: Քննությունից առաջ աշակերտները պետք է երկար դասամիջոց ունենան: Այդ դեպքում արդյունքը միջինից 1.7 տոկոսով բարձր է լինում: