Եթե Շիրակի մարզը ղեկավարի դաշնակցական մարզպետ, միեւնույն է նրանց կհաջողվի փոփոխություններ անել Հանրապետական կուսակցության հետ համատեղ աշխատելով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը` անդրադառնալով մարզի ծանր վիճակը ներսից փոխելու դաշնակցության վստահեցումներին:
«Եթե Դաշնակցությունը պատասխանատվություն է վերցնում, բնականաբար, պետք է ամեն ինչ անի: Եթե ամեն դեպքում մարզը տալիս են Դաշնակցությանը, իշխանությունը Հանրապետական կուսակցության հետ համատեղ աշխատանքով կկարողանա լուծումներ գտնել, թե չէ միայն Դաշնակցությունը չեմ կարծում որ կկարողանա»:
Գյումրիից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը նշեց, որ 2017-ի ընտրություններին այստեղ ուժեղ մրցապայքար է լինելու, եւ յուրաքանչյուր կուսակցություն աշխատելու է ավելի շատ ձայներ հավաքել: Իսկ թե կոնկրետ Դաշնակցությանը որքան կհաջողվի ավելացնել քվեները, պատգամավորը դժվարանում է ասել.
«Ես կարծում եմ, որ 2017-ին բոլոր կուսակցությունները ամեն ինչ անելու են, պայքարելու են, որ իրենց կուսаկցության համար ձայներ հավաքեն այս մարզում: Իսկ մարզը սոցիալապես ծանր վիճակում է, ժողովրդի մոտ կա դժգոհություն, հիասթափություն, ու էս պարագայում ամեն կուսակցություն իր տակտիկան պիտի մշակի ու աշխատի ժողովրդի հետ, թե կոնկրետ էս պարագայում Դաշնակցությունը կկարողանա բան փոխել, իր օգտին ձայներ ունենալ, դժվար է ասել»:
Ըստ մամուլի, Գյումրիի քաղաքապետի պաշտոնին հավակնող Մարտուն Գրիգորյանը նշեց, որ դաշնակցական մարզպետի հանգամանքը որեւէ բացասական ազդեցություն չի կարող ունենալ իր մտադրությունների վրա:
«Բացարձակապես ոչ մի կապ չեմ տեսնում, քանի որ էս պահի դրությամբ բոլորս գիտենք, որ դեռ իրադարձություններ են փոխվելու, ընտրական օրենսգիրք է փոխվելու համամասնական ընտրակարգն է հստակեցվելու էս պահին գնահատականներ տալը ճիշտ չէ»:





























