Սյունիքի մարզի Արծվանիկ համայնքի հիմնական խնդիրն այն է, որ երիտասարդները չեն ամուսնանում, ինչի հետեւանքով գյուղում հազվադեպ են երեխաներ ծնվում։

NEWS.am-ի հետ զրույցում  համայնքապետ  Անուշավան Հարությունյանն ասում է՝ նախորդ տարի գյուղում ծնվել է 5 երեխա:

«Ներկա պահին գյուղում ահագին ջահել տղեք, աղջկեք կան, որ արդեն 30-35 տարեկան են հասել, բայց չեն ամուսնանում: Էդքան էլ ասում եմ`ամուսնացեք, երեխեք ունեցեք: Չեն ամուսնանում, ի՞նչ անեմ»,- նշում է Անուշավան Հարությունյանը:

Թե ինչու Արծվանիկի բնակիչները չեն ուզում ամուսնանալ, համայնքապետը դժվարանում է ասել: Ըստ նրա` սոցիալական պայմանների վրա մեղքը բարդելը ճիշտ չէ:

«Էնպես չի, որ նրանք, ովքեր ամուսնացել են ու երեխաներ ունեն, ավելի լավ պայմաններում են ապրում, քան չամուսնացողները: Ուղղակի չեն ուզում»,- ասում է նա:

Արծվանիկում երեխաների ծնունդը խրախուսելու համար համայնքապետը որոշել է 2016թ.-ին ծնվող յուրաքանչյուր երեխայի համար 50.000 դրամ միանվագ օգնություն տրամադրել ընտանիքին:

Որքան էլ համայնքապետը երիտասարդների չամուսնանալը փորձում է չկապել սոցիալական պայմանների, զբաղվածության պակասի հետ, այնուամենայնիվ, նշում է, որ գյուղի բնակչության թիվը վերջերս նվազել է՝ 730 գրանցված արծվանիկցիներից գյուղում փաստացի բնակվում են 660-ը, մյուսները տեղափոխվել են Հայաստանի այլ քաղաքներ կամ արտերկիր՝ ապրուստ վաստակելու:

Համայնքապետի խոսքով՝ գյուղում լուրջ է մսի, կաթի, հացահատիկի իրացման հարցը:

«Միսը մեծ ծավալով չեն կարողանում վաճառել բնակիչները, անհատների վրա են ծախում, իսկ դա էդքան էլ ձեռնտու չէ: Հացահատիկը ամեն մեկը տանում հասցնում է Գորիսի ալրաղաց, էդ էլ ծախսերն են շատ»,- ասում է Անուշավան Հարությունյանը:

Համայնքապետը հույսը կապում է գարնանից «Քաունթերփարթ ինթերնեշընըլ» կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի մեկնարկի հետ: Նրա խոսքով, կաթի մթերման գործարան կհիմնադրվի, ինչը հնարավորություն կտա մի քանի համայնքների գյուղացիներին իրացնել կաթը:

Արծվանիկում վերջերս լուծված խնդիրներ էլ կան: Համայնքային բյուջեի 40 մլն դրամով կարողացել են գյուղի մանկապարտեզը, ներհամայնքային ճանապարհը վերանորոգել, գիշերային լուսավորություն անցկացնել: