Շիրակի մարզում փետրվարի 16-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տուժած 22-ամյա Արթուր Տոնապետյանի հարազատները չեն պատկերացնում, թե ով կարող էր նրա ականջը կտրել եւ ինչ պատճառով:

«Արթուրը խելոք է եղել, ու մենք էլ չենք կարող ասել, թե ով կարող էր նման բան անել: Սա ընդամենը անմարդկային քայլ կարող եմ բնութագրել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուրի մայրը՝ Կատարինե Տոնապետյանը:

Նա պատմեց, որ որդին կտրած ականջով տուն է հասել, իրենք որեւէ հարց չեն տվել, միայն շտապել են հիվանդանոց հասցնել:

Անդրադառնալով մարզում պտտվող լուրերին, թե վիճաբանության պատճառն աղջիկ է եղել, մայրն ասաց, որ առայժմ ոչինչ հայտնի չէ. «Իրավապահ մարմիններն արդեն զբաղվում են այս գործով»:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզում փետրվարի 16-ին տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ կտրել են 22-ամյա երիտասարդի ականջը:

Նա այժմ գտնվում է Գյումրի բժշկական կենտրոնում: Ըստ ԲԿ-ի փոխնտօրեն Արմեն Խաչատրյանի՝ երիտասարդի մոտ առկա է աջ ականջախեցու տրավմատիկ անդամահատում: