Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը դեռեւս վերջնական որոշում չունի` ինչպես է քվեարկելու Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության ժամանակ:
NEWS.am-ի հետ զրույցում խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանի հետ հանդիպումից հետո ընդգծեց, որ իրենք կկողմնորոշվեն լիագումար նիստում կայանալիք քննարկումից հետո միայն:
«Շատ կառուցողական հանդիպում էր, մենք բարձրացրինք հարցեր, որոնք մինչեւ այդ չէինք հասցրել տալ: Օրինակ, մեզ հետաքրքրում էր, թե ինչ փոփոխություններ պետք է արվեն առկա օրենքներում, որոնք վերաբերում են Մարդու իրավունքների պաշտպանին, որն է այն նշաձողը, որտեղ չեն հակադրվում պետության եւ ՄԻՊ-ի շահերը: Բավականին լուրջ զրույց էր, մեր հարցադրումներին բավականին համոզիչ պատասխաններ էր տալիս»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Նշենք, որ հանդիպմանը մասնակցում էին նաեւ Թեւան Պողոսյանն ու Ալեքսանդր Արզումանյանը:
Հիշեցնենք, որ Արման Թաթոյանը երեկ էլ հանդիպել է ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցության պատգամավորների հետ, որոնք պատրաստվում են կողմ քվեարկել Արման Թաթոյանի թեկնածությանը:





























