Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթում առկա են մի շարք դրական երեւույթներ: Այս մասին այսօր` փետրվարի 17-ին, փաթեթի վերաբերյալ լսումների ժամանակ ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:
«Նախագծում մի քանի դրական բաներ կան, օրինակ՝ հասարակական կազմակերպությունների գրանցման դյուրություն, կամավորների ներգրավում, սահմանափակ թվով անդամներ ունեցող ՀԿ-ների ստեղծման հնարավորություն, որը կարեւոր է գիտական աշխատանքով զբաղվող ՀԿ-ների համար»,- ասաց Էլինար Վարդանյանը:
Հանձնաժողովի նախագահի խոսքով` կարեւոր է նաեւ այն փոփոխությունը, որ ՀԿ-ներին հնարավորություն է տալիս ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, քանի որ շատ ՀԿ-ներ ունեն ֆինանսական խնդիրներ:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, որը նույնպես մասնակցում է լսումներին, նշեց, որ պատրաստ է այսօր լսել բոլոր շահագրգիռ կողմերին. «Սուր եզրերը հարթած նախագիծ է ներկայացված ձեր քննարկմանը: Որպես ՀԿ-ների զարգացման օրենսդրական բարեփոխումների ծրագիր, մեզ համար սա կարեւոր նախագիծ է, որովհետեւ ՀԿ-ների պատշաճ գործունեության ապահովումը պետության գերակայություններից է: Ես պատրաստ եմ լսել յուրաքանչյուր մտահոգություն»:
Քննարկումը շարունակվում է:





























