ՀԿ-ները կզբաղվեն ձեռնարկատիրական գործունեությամբ, սակայն հարկային արտոնություններ չեն ստանա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի և կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ լսումների ժամանակ նշել է Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը:
Հասարական կազմակերպությունների ներկայացուցիչներին հետաքրքրում է` արդյոք ՀԿ-ների մասին օրենքում փոփոխություններ կատարելուց հետո իրենք հարկային արտոնություններ կստանա՞ն: ՀԿ ներկայացուցիչ Մերի Խաչատրյանն ընդգծեց, որ եթե ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք է տրվում, ապա նաեւ արտոնություններ պետք է տրվեն:
«Այս նախագծում չկա արդարադատության մատչելիության մասին խոսք, հետեւաբար, այս նախագծի քննարկումը պետք է հետաձգել: Բացի դրանից, հարկային արտոնությունների մասին պետք է մտածել. Արդյոք ՀԿ-ներին տրվելու են հարկային արտոնություններ: Ինչպես նաեւ պետք է հասկանալ` կամավոր աշխատանքը համարվելու է աշխատանքային ստաժ, թե ոչ»,- ասաց Մերի Խաչատրյանը:
Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը պատասխանեց, որ այս հարցերը չեն կարող կարգավորվել այս նախագծով:
Նշենք, որ լսումներն ընթանում են ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում:




























