Կարեն Դեմիրճյանի արձանի բացման ժամկետի հետ կապված հակասություն չկա Երեւանի քաղաքապետի եւ Կարեն Դեմիրճյանի ընտանիքի անդամների միջեւ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, հաղորդագրություն է տարածել Երեւանի քաղաքապետարանը:

«Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից արձանի բացման ժամկետ դեռեւս սահմանված չէ: Ընդ որում, հարկ ենք համարում նաեւ տեղեկացնել, որ արձանի բացման ժամկետի հետ կապված քննարկում, այդ թվում նաեւ Կարեն Դեմիրճյանի ընտանիքի անդամների հետ, չի եղել: Ավելին, Երեւանի քաղաքապետի հարաբերությունները Դեմիրճյանների ընտանիքի հետ ջերմ է եւ որեւէ հակասություն պետք չէ փնտրել»,-ասված է հաղորդագրությունում:

Ստեփան Դեմիրճյանը նույնպես հերքել է, որ որեւէ խնդիր ունեն քաղաքապետարանի հետ: «Կոնֆլիկտ չկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հայկական ժամանակ» թերթը գրել է. «Քանդակագործ Տիգրան Արզումանյանը, որն աշխատում է ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հուշարձանի վրա, մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ այն պատրաստ կլինի ապրիլին, ինչպես եւ խոստացել է: Բացման ժամկետները, սակայն, դեռեւս վերջնական չեն, եւ կարծես թե Երեւանի քաղաքապետարանի ու Կարեն Դեմիրճյանի ընտանիքի տեսակետներն այդ հարցում իրարամերժ են: Առաջինը նախընտրում է արձանը տեղադրել եւ բացել ապրիլին (այդ ամսվա 17-ին Դեմիրճյանի ծննդյան օրն է), երկրորդ դեպքում հակվածություն կա դա հետաձգել մինչեւ հաջորդ տարի, մինչեւ Կարեն Դեմիրճյանի 85-ամյակը: Ամեն դեպքում, ըստ որոշ տեղեկությունների, քաղաքապետ Տարոն Մարգարյանն արդեն որոշում ունի միջոցառումը չհետաձգելու մասին»: