2016թ. փետրվարի 14-ին Դիլիջանում, Տաթեւում եւ Թումանյանում ՏԻՄ ընտրությունները անցել են արդար եւ թափանցիկ: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյան:

 «Ընտրություններին լուրջ խախտումներ չեն արձանագրվել եւ ընդհանուր առմամբ, առանց խախտումների ընտրություններ էին, միայն Թումանյան քաղաքում մի քանի խնդիրներ կային: Առաջինը՝ հանձնաժողովի նախագահը համայնքի ղեկավարի թեկնածուի ղեկավար էր, որն արդեն շահերի բախման մասին է խոսում, կամ էլ Թումանյան համայնքում օրինակ մոտ 70 հոգի եկան ինչ-որ մեկի օգնությամբ քվեարկեցին, նաեւ Թումանյանում ընտրողների կուտակումներ կային, որը կապված էր այն հանգամանքի հետ, որ հիմնականում ընտրողները ժամը 13:00-ից 15:00-ն են ընտրության գալիս»,-ասաց նա:

Երեւանի մամուլի ակումբի ծրագրերի ղեկավար, ՏԻՄ ընտրություններին դիտորդական խմբի համակարգող Հայկակ Արշամյանն էլ նշեց, որ մարզերում ՏԻՄ ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունն ավելացել է:

«Տաթեւում մրցակցություն կար ավագանու անդամ ընտրվելու համար, կարելի է ասել՝ բնակիչները ցանկանում են ներկայացուցչական մարմնում ունենալ իրենց անդամն իրենց շահերը պաշտպանելու համար»,-ասաց նա:

ԿԸՀ անդամ  Նունե Հովհաննիսյանի խոսքով,  ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված օրենքի համաձայն, ԿԸՀ-ում փետրվարի 14-ի ՏԻՄ ընտրությունները դիտարկելու նպատակով որեւէ տեղական հասարակական կազմակերպություն չի հավատարմագրվել, միայն համայնքների գրեթե բոլոր տեղամասերում եղել են ԶԼՄ ներկայացուցիչներ, որոնք ողջ օրվա ընթացքում հետեւել են ընտրությունների գործընթացին:

«3 համայնքներում առաջադրվել էին համայնքի ղեկավարի 8 թեկնածուներ: Թումանյան համայնքում 1 թեկնածու է քվեարկվել, Տաթեւում՝ 3, Դիլիջան համայնքում 2 թեկնածու: Որպես ավագանու անդամ 3 համայնքներում առաջադրվել էր 63 թեկնածու, որոնց մեջ եղել է ընդամենը 3 կին թեկնածու: Վերջնական արդյուքնները պարզ կլինի փետրվարի 18-ին»,-ասաց նա:

Նշենք, որ 2016թ. փետրվարի 14-ին  նոր կազմավորված համայնքներում անցկացվել են  ՏԻՄ ընտրություններ: Նոր համայնքներում միաժամանակ կայացել  են եւ համայնքի ղեկավարի, եւ ավագանու անդամի ընտրություններ: