Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «բեսպրեդել» է անվանել Անկարայի գործողությունները թուրք-սիրիական սահմանին:

«Այն, ինչ հիմա կատարվում է թուրք-սիրիական սահմանին, բացարձակ «բեսպրեդել» է: Սիրիայի աջակցության միջազգային խմբի կողմից Մյունխենում ընդունված հայտարարության ընդունման եւ ստորագրման պայմաններում, երբ բոլոր երկրները կենտրոնացան բռնության դադարեցման վրա, Թուրքիան իր սահմանից գնդակոծում է բնակավայրերը, այնտեղ է ուղղում փող, մարդկանց, նյութատեխնիկական միջոցներ: Պարզապես Թուրքիան չի կարողանում համակերպվել, որ այդ շրջաններն ազատագրվում են ահաբեկիչներից ու ծայրահեղականներից: Նրանցից, որոնք այդքան երկար ժամանակ հիմնվել էին այդտեղ»,- Russia Today-ի եթերում ասել է Զախարովան:

Նշենք, որ թուրքական հրետանին վերջին 4 օրերին գնդակոծում է քրդական ինքնապաշտպանական ուժերին Միննեհի ավիաբազայում: