Սիրիայի հարցով Մյունխենյան համաձայնագիրը չար կատակ է հիշեցնում, քանի որ երկրի տարածքում ներկայումս կատաղի մարտեր են ընթանում։ Այս մասին փետրվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ միջազգային ուժային կենտրոնները փորձում են ակտիվություն ցուցաբերել, բայց մեծ հաշվով հրադադար չի հաստատվում։ Մյուս կողմից, հատկապես կարեւոր է այն, ինչ կատարվում է Սիրիայի հյուսիս-արեւմուտքում։ «Մյունխենի համաձայնագրից հետո Ռուսաստանն անմիջապես հայտարարեց, որ շարունակելու է Սիրիայում հարվածները, եւ կարծում եմ, որ դա հասցեագրված էր Թուրքիային եւ Սաուդյան Արաբիային։ Շատ բան կախված կլինի, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Սիրիայի հենց այս շրջանում»,- նշել է Գրիգորյանը։



























