Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Խանջյան փողոցի թիվ 51 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Էրեբունու բաժին բերման են ենթարկել 30-ամյա Ավետիս Դ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա 2015 թ. դեկտեմբերի 4-ին թիվ 72 երթուղու միկրոավտոբուսում մի ուղեւորի գրպանից գողացել է գումար:

Ձեռնարկված հետագա միջոցառումների շնորհիվ՝ պարզվել են Ավետիս Դ.-ի հեղինակած մի շարք հանցադրվագներ եւս: Այսպես.

- 2015 թ. նոյեմբերի 30-ին, ժամը 19-ին, թիվ 39 երթուղու միկրոավտոբուսի սրահում մի ուղեւորի պայուսակից գողացել է դրամապանակը, որում եղել է 17.000 դրամ:

- 2015 թ. նոյեմբերի 26-ին, ժամը 19-ին, թիվ 37 երթուղու միկրոավտոբուսի սրահում ուղեւորներից մեկի տաբատի գրպանից գողացել է դրամապանակ, որում եղել էր 21.000 դրամ եւ 1 դոլար:

- 2015 թ. նոյեմբերի 22-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1987 թ. ծնված Հասմիկ Ս.-ն եւ հայտնել, որ նոյեմբերի 21-ի ժամը 19.30-ից 20.30-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում գողացել են իր դրամապանակը, որում գումար է եղել:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նշված գողությունը կատարել է այլ գողություն կատարելու համար փետրվարի 15-ին բերման ենթարկված, 1986 թ. ծնված Ավետիս Դ.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն:

Քննությունը շարունակվում է: