Հայաստանում ամենաշատը վաճառվում է մանկական գրականությունը, հատկապես նախադպրոցական եւ կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված գրքերը: Այս մասին այսօր` փետրվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը: Նրա խոսքով, երկրորդ տեղում գեղարվեստական գրականությունն է, երրորդում` պրակտիկ հոգեբանությանը վերաբերող գրականությունը:

Փետրվարի 19-ին` Գիրք նվիրելու օրվան ընդառաջ հրավիրված լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի համակարգող Արթուր Մեսրոպյանը նշեց, որ Հայաստանում գնալով մեծանում է գրքի նկատմամբ ուշադրությունը:

Պատճառն, ըստ նրա, ոչ միայն այն է, որ Հայաստանում վերջին տարիրներին սկսել են նշել Գրքի տոնը, այլեւ այն, որ հրատարակչությունների կողմից պարբերաբար ծրագրեր են իրականացվում` գրքի նշանակությունը  բարձրացնելու եւ ընթերցանությունը խրախուսելու ուղղությամբ:

Դրանցից մեկն էլ «Ամառային ընթերցանություն» ծրագիրն է, երբ Երեւանի եւ մարզերի գրախանութներում ստեղծվում են փոքրիկ տաղավարներ, որտեղից գնելով մեկ գիրք եւ ընթերցելով այն, կարելի է ամռան 3 ամիսների ընթացքում վերադարձնել այն տաղավար եւ փոխարինել այլ գրքով:

«Այսինքն, վճարելով 1 գրքի համար, ամռան ընթացքում կարելի է կարդալ բազմաթիվ գրքեր»,- նշեց Արթուր Մեսրոպյանը:

Վերջինի կարծիքով, հատկապես թարգմանվող գրականության դեպքում ընթերցողներին գրավելու համար շատ կարեւոր է թարգմանության որակն ու գրքի արտաքին տեսքը:

ՀՀ մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգող Արմեն Սարգսյանը, խոսելով Հայաստանում տպագրվող գրքերի տպաքանակի նվազման մասին, նշեց, որ եթե Սովետական Միության ժամանակ 50.000 օրինակով էին տպագրվում գրքերը, ապա դա դեռ չի նշանակում, որ այդքան մարդ կարդում էր: Ըստ նրա, գիրք գնելն այդ ժամանակներում պարզապես նորաձեւ էր:

«Հիմա 300-500 օրինակով են տպագրում, բայց ես համոզված եմ, որ նրանք, ովքեր գնում են, իսկապես կարդում են գրքերը»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Վերջինը նշեց, որ մշակույթի նախարարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում ընթերցող-գիրք կապն ամրացնելու համար` «Դարձիր գրադարանի բարեկամը» ծրագրի ընթացքում բազմաթիվ ընթերցողներ գրքեր են նվիրաբերել գրադարաններին, որոնք բաժանվել են սահմանամերձ գյուղերի դպրոցներին եւ զորամասերին:

«Գրքերի քննարկումներ ենք կազմակերպում դպրոցներում, որոնց երեխաները մեծ ոգեւորությամբ են մասակցում: Որոշակի քայլեր են արվում նաեւ հայ գիրքը դրսում ճանաչելի դարձնելու համար»,- նշեց Արմեն Սարգսյանը: