Երեւան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով հունվարի 25-ին «Ապարան» բժշկական կենտրոն տեղափոխված  21-ամյա Անժելա Մ.-ն, որի պտուղը բժիշկները ստիպված են եղել կեսարյան հատումով հեռացնել, արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին այսօր՝  փետրվարի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ապարան» բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանը:

Հայկ Շմավոնյանի խոսքով, 21-ամյա կնոջ առողջական վիճակն այժմ լավ է, նա ապաքինվել է: Ավտովաթարից տուժած նրա ամուսինը, որը կոնքի կոտրվածքով գտնվում է էր նույն բժշկական կենտրոնում, նույնպես դուրս է գրվել հիվանդանոցից:

Ավելի վաղ Հայկ Շմավոնյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ 32 շաբաթական հղի կինն իրենց մոտ է տեղափոխվել Ծաղկահովիտի «Շտապօգնության» մեքենայով, բժիշկները կնոջը հետազոտել են, հսկողության տակ են պահել, սակայն չեն կարողացել փրկել պտղին: