Փետրվարի 12-ին Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Սերժ Սարգսյանի ելույթը անօգնականության մասին ելույթ էր, ոչինչ չասող ճամարտակություն: Այս մասին այսօր` փետրվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

«Հանրապետականները կարող են ասել, որ գեղեցիկ ելույթ էր, բայց ես այնտեղ ոչ մի գեղեցիկ բան չտեսա, դատարկ , ոչինչ չասող, ճամարտակություն էր, մի մարդու կողմից, որը երկու ամիս առաջ կեղծիքներ է թույլ տվել, ահաբեկել իր ժողովրդին: Դա անօգնականության մասին ելույթ էր»,-ասաց Զուրաբյանը:

Լեւոն Զուրաբյանի խոսքով` նախագահի ելույթը զուրկ էր առաջարկներից, իսկ արտաքին քաղաքականության մասով նախագահը կրկին հակասեց ինքն իրեն:

«Թուրքիան ու Ադրբեջանը անանցանելի ճահիճ համարեց, այն դեպքում, երբ ինքն է մի քանի տարի առաջ նախաձեռնել ցյուրիխյան ուրացումը»,-ասաց Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը սկսվել է 2008 թվականի աշնանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվել են հայ-թուրքական արձանագրությունները, որոնք ենթադրում էին դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ հայ-թուրքական սահմանի բացում: Հետագայում թուրքական կողմը նախապայմաններ է առաջ քաշել եւ արձանագրությունների վավերացումը պայմանավորել է ԼՂ խնդրով, որից հետո, արդեն 2010-ի ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը հայտարարել է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը առկախելու մասին՝ փաստելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը:

Փաստաթղթերի վավերացման գործընթացը Թուրքիայի խորհրդարանում նույնպես սառեցված է:

Նշենք, որ ՀԱԿ-ը ժամանակին ընդհանուր առմամբ, կողմ էր Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: