Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում քաղաքական ուժերին միավորվել ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ պահանջների միասնական պլատֆորմ ստեղծելու շուրջ: Այս մասին այսօր`փետրվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Լեւոն Զուրաբյանի խոսքով` Հայաստանի գլխավոր չարիքը կեղծ ընտրություններով իշխանություն ստեղծելն է, իսկ ընտրակեղծիքների դեմ պայքարը երկրի խնդիրները լուծելու կարեւոր նախապայմանն է:
«Մեր քաղաքական կյանքում կարող են կոալիցիաներ ստեղծվել, նախարարներ նշանակվել, հրաժարականներ լինել, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կարող են ամուսնանալ ու բաժանվել, ծրագրեր ներկայացնել, սակայն քանի դեռ Հայաստանն ի վիճակի չէ ազատ եւ արդար ընտրություններով իշխանություն ձեւավորել, երկրի խնդիրները երբեք չեն լուծվի»,-նշեց նա:
Զուրաբյանի խոսքով`Հայաստանում բեկումնային իրավիճակ է ստեղծվել, որքան էլ որ Սահմանադրական հանրաքվեի արդյունքները կեղծվեցին, ժողովուրդը անհանդուրժողականություն է դրսեւորել, որի շնորհիվ միջազգային հանրությունը արդեն հաշվի է նստում նրա հետ:
«Մենք կարող ենք արդեն մեր կամքը թելադրել ռեժիմին: Ժողովրդի կամքի շնորհիվ, կարծես թե, առաջին անգամ միջազգային հանրությունը մեզ օգնում է, եւ իշխանությունը կարող է գնալ զիջումների: Դա կապված է ընտրողների ցուցակների հրապարակման հետ, ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու, մատնահետքերով քվեարկելու եւ մի շարք այլ առաջարկների հետ: Մի քանի միջազգային կառույցներ բավական պատրաստակամ են մեզ օգնել»,-ասաց Զուրաբյանը:
Ըստ Զուրաբյանի` որոշ քաղաքական ուժեր եւս արդեն հանդես են եկել առաջարկներով, մնում է` Հայաստանում, ընտրակեղծարարությունները բացառող առաջարկների միասնական պլատֆորմ ձեւավորել:
«Ժառանգության հետ ենք արդեն քննարկումներ արել, ունենք կատարյալ աջակցություն, ոտքի վրա խոսել ենք ՕԵԿ եւ ԲՀԿ խմբակցությունների ղեկավարների հետ: Մենք բարենպաստ պայմաններ ենք տեսնում միասնական պլատֆորմ ստեղծելու համար»,-ասաց Զուրաբյանը:
ՀՅԴ-ին, սակայն ՀԱԿ-ը այս առնչությամբ համագործակցության որեւէ առաջարկ չի արել:
«Դաշնակցությունից ուղղակի լավ բան չենք սպասում, եթե պատրաստ են կարող ենք միանալ»,-ասաց Զուրաբյանը:





























