Ժամանակակից հայ գրականություն հայ ընթերցողները գրեթե չեն կարդում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը:
«Եթե լավ գրեն, անպայման ընթերցող կգտնվի»,- համոզված է Խաչիկ Վարդանյանը:
Բացառություն են Լեւոն Խեչոյանի գործերը, որոնք ընթերցվել են թե գրողի կենդանության ժամանակ, թե դրանից հետո:
Խաչիկ Վարդանյանի խոսքով, լինում են դեպքեր, երբ գրող չլինելով հանդերձ` մարդը կարողանում է լավ գործ ստեղծել եւ գրավել ընթերցողին, կարեւորը` հեղինակը կարողանա ընթերցողին հուզող թեմաներ շոշափել:
«Վերջերս մի գիրք էր հրատարակել լուսանկարիչ Էդգար Հարությունյանը` «Նվիրվելու արվեստը»: Մարդը գրող չէ, բայց ընթերցելիս ինձ թվում էր` Կոելյո եմ կարդում: Միայն 600 օրինակ մենք ենք վաճառել»,- նշեց նա:
Խաչիկ Վարդանյանը նշեց, որ բոլոր ժամանակներում էլ արտասահմանյան գրականությունը եղել է ավելի գնահատելի, ավելի պահանջված, քան հայ գրականությունը: Պատճառն, ըստ նրա, այն է, որ մշակույթի ու գրականության զարգացման կարեւոր նախապայմաններից մեկը` անկախ պետականություն, Հայաստանը երկար ժամանակ չի ունեցել:
«Մեծ գործերը ստեղծվում են խաղաղ պայմաններում, իսկ մենք խաղաղ պայմաններ չենք ունեցել, միշտ եղել ենք լծի տակ»,- ասաց նա:
Խաչիկ Վարդանյանի խոսքով, թեպետ արտասահմանում հայ գրականությամբ հետաքրքրվողներ կան, սակայն այն առավել ճանաչելի դարձնելու համար անելիքները դեռեւս շատ են:
Առաջիկայում «Բուկինիստը» ծրագրում է սփյուռքում ապրող հայ գրողների գրքերը բերել-ներկայացնել այստեղ, իսկ Հայաստանի գրողների գրքերը` ուղարկել սփյուռք:




























