Արտաշատի բժշկական կենտրոնից հունվարի 30-ին ծայրահեղ ծանր վիճակում Երեւան տեղափոխված եւ 7 օր անց մահացած նորածինի մահվան դեպքի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Սպասվում է, որ առաջիկայում դեպքի առթիվ քրեական գործ կհարուցվի:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Այգեստան համայնքի բնակչուհի 30-ամյա Սիմա Եփրեմյանը ծննդաբերել է 2016թ. հունվարի 30-ին: Երեխային նույն օրը տեղափոխվել է Երեւան, իսկ 7 օր անց մահացել: Նորածնի հայրը՝ Մակար Անտոնյանը, պնդում է, որ երեխայի մահվան պատճառը բժշկական սխալն է եղել: Հոր խոսքով, բժիշկները տեղյակ են եղել, որ պտղի դիրքը տոտիկային է եղել եւ պետք էր կեսարյան հատում անել, սակայն հերթապահ բժիշկն այլ որոշում է կայացնում:
«Արտաշատի հիվանդանոցի բժիշկները երեխուս կյանքը կերան: Ամսի 30-ին ծնվել է երեխաս, ժամեր անց Երեւան ենք տեղափոխել եւ 7 օր անց տղաս մահացավ... պորտալարն էր փաթաթված, գլխուղեղի վնասվածք էր ստացել եւ ամբողջը բժիշկների պատճառով»,- ասել էր Մակար Անտոնյանը:
Ըստ երեխայի հոր՝ դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնի է դարձել, որ երեխան ունեցել է ողնաշարի կոտրվածք եւ ուղեղի այտուց:





























