Թուրքական «Էվրենսել» հրատարակությունը հրատարակել է երկու հատորից բաղկացած` Նեւզաթ Օնարանի նոր գիրքը, որում քննության է ենթարկվում թուրքական ազգայնականության տնտեսական քաղաքականությունը։
Ինչպես տեղեկացնում է Akunq.net-ը, գրքում ուսումնասիրվում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Միություն եւ առաջադիմություն կուսակցության կառավարության «ուրիշների» ունեցվածքի լուծարման հիմքում ընկած տնտեսական քաղաքականության պատմությունը` սկսած 1915 թ. մինչեւ մեր օրերը:
Հետազոտության մեջ շեշտվում է, որ 1920-ական թթ. հանրապետության «ազգային քաղաքականությունը» հիմնվել է Միություն եւ առաջադիմություն կուսակցության տնտեսական քաղաքականության վրա եւ հետեւաբար հանդիսանում է այդ քաղաքականության բնական շարունակությունը: Միաժամանակ այս երկու գրքում վերլուծության է ենթարկվում, թե Օսմանյան կայսրության վերջին շրջանում եւ Հանրապետական Թուրքիայի առաջին տարիներին ինչպես է պետության միջոցով յուրացվել «ուրիշների» գույքը եւ կուտակվել թուրք-իսլամական կապիտալը»: Օնարանի աշխատությունն ուսումնասիրում է թուրքական ազգայնականության «արյունոտ» տնտեսական քաղաքականությունը եւ դրա ազդեցությունը այդ հողերի վրա բնակվող ոչ թուրքերի եւ մուսուլմանների վրա:
Գրքում Օնարանն օգտագործել է Թուրքիայի կառավարությանը կից օսմանյան եւ հանրապետական արխիվային փաստաթղթերը եւ «Ակոս» ու «Ջումհուրիյեթ» թերթերի արխիվային նյութերը: Ուսումնասիրել է տնտեսական քաղաքականության մասին օրենքն ու դրույթները, ինչպես նաեւ` օրենքի վերաբերյալ խորհրդարանում կատարված քննարկումները:





























