Հանքավանում նախորդ տարվա նոյեմբերին Գալստյան եղբայրները մահացել են երկուական կրակոցներից: Գալստյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Արշակ Կարապետյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դա պարզ է դարձել դատաբժշկական փորձաքննությունից:
«Երկուական կրակոցներ են եղել որովայնի շրջանում: Գնդակները վնասել են ներքին օրգանները: Իսկ Արմենի մահը վրա է հասել գլխի շրջանում ստացած հրազենային կրակոցից»,- ասաց փաստաբանը:
Փաստաբանի խոսքով՝ սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ սպանությունը դիտավորություն է եղել, մեղադրյալը պատահաբար չի կրակել:
«Մեղադրյալը փորձարարության ժամանակ այնպես էր նկարագարել դեպքը, թե ցանկացել է պաշտպանվել, ինքնաձիգը փորձել է վերցնել եղբայրներից մեկի ձեռքից, առաջացել է քաշքշուք, անկանոն կրակոցներ են եղել, դիպել են եղբայրներին: Բայց այդ ամենն այս փորձաքննությամբ հերքվում է»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ 2015թ, նոյեմբերի 16-ին հնչած կրակոցների հետեւանքով սպանվել էին եղբայրներ 25-ամյա Վարդան եւ 35-ամյա Վահե Գալստյանները, նրանց ընկեր, 27-ամյա Արմեն Հովհաննիսյանը։ Գործով որպես մեղադրյալ ներգրավվել եւ կալանավորվել է 27–ամյա Հայրապետ Սեփոյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ռազմամթերքի ձեռք բերել, պահել):
Կատարվածի պատճառի պաշտոնական վարկած դեռ չկա, դեպքից հետո շրջանառվում էր վարկածը, որ սպանությունը կատարվել է Գալստյաններին պատկանող անտառային տարածքում ծառերի հատման շուրջ ծագած վիճաբանության հետեւանքով։ Սպանության մեջ մեղադրվողի հայրը` Գագիկ Սեփոյանը, որն այդ տարածքի անտառապահն է, ըստ Գալստյանների, պարբերաբար ապօրինի ծառահատումներ է կատարել այդ տարածքից։ Ենթադրվում է, որ դեպքի օրը Գալստյան եղբայրները Սեփոյանին բռնեցրել են ծառ հատելիս, ինչիս սկսվել է վեճը։ Սեփոյանների հարազատները պնդում են, որ որդին տեղեկացել է, որ հորը ծեծի են ենթարկել ու գնացել է հորը պաշտպանելու, ինչի ժամանակ էլ կրակելով սպանել է եղբայրներին եւ նրանց ընկերոջը։ Գալստյանները վստահեցնում են, որ ծեծ չի եղել։ Վիճաբանությունից հետո Գագիկ Սեփոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղից օրեր անց դուրս էր գրվել:




























