Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հաշվետվությունը։
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշել է նաեւ, որ «Բաց երկնքի» քաղաքականության ընդունումից հետո հայկական շուկա են մուտք գործել նոր ավիաընկերություններ, ինչպես նաեւ վերադարձել են նախկինում շուկան սպասարկողները. Qatar Airways, Aegean Airways, Georgian Airways, Iraqi Airways, Al Naser, Mahan Air, Middle East Airways, S7 Airlines, LOT: 2015թ. թռիչքների հաճախականությունը 2013թ. համեմատ աճել է 3%-ով, իսկ ուղեւորոհոսքը` 11%-ով: 2015թ. դեկտեմբերի վերջի դրությամբ, դեպի Երեւան կանոնավոր չվերթներ իրականացնող ավիաընկերություններ թիվը կազմել է 21:
ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանը տեղեկացրել է, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) համապատասխան փաստաթղթերով սահմանված չափանիշների հիման վրա մշակվել եւ կառավարության կողմից հաստատվել է Թռիչքների անվտանգության պետական ծրագիրը: Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) Թռիչքների անվտանգության վերահսկողության ունիվերսալ ծրագրի (USOAP) շրջանակներում 2015 թվականին ԻԿԱՕ-ի կողմից անցկացված աուդիտի արդյունքում՝ տարբեր ուղղություններով (օրենսդրություն, կազմակերպություն, անձնակազմի վկայագրում եւ ուսուցում, շահագործում, թռիչքային պիտանիություն, պատահարների եւ միջադեպերի քննություն, աէրոնավիգացիոն ծառայություններ, աէրոդրոմներ եւ վերգետնյա միջոցներ) ցուցանիշները բարձր են միջին համաշխարհային ցուցանիշներից:
Դրական գնահատելով կատարված աշխատանքը՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ տարբեր ուղղություններով ծավալուն աշխատանք է կատարվել: Նա կարեւորել է Եվրամիության հետ տնտեսական հարաբերությունների ակտիվացումը եւ նշել, որ տնտեսական հարցերով բանակցային գործընթացը դրված է բարձր հիմքերի վրա: Ըստ վարչապետի՝ արդյունաբերական աճի տեմպերի ապահովման, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ նույնպես մեծ աշխատանք է կատարվել: Գործադիրի ղեկավարը կարեւորել է նախարարության աշխատանքը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցած լուրջ առաջընթացի, արտաքին տնտեսական հարաբերությունների դիվեսիֆիկացման աստիճանի էական բարձրացման, տեսչական բարեփոխումների, ինչպես նաեւ օտարերկրյա ներդրումների ծավալի աճի գրանցման գործում:




























