Պաշտոնատար անձանց տների վրա հարձակումներ գործելու կամ այսպես կոչված «բանդայի» պարագլուխ համարվող 15 տարվա ազատազրկման դատապարտված Արտուշ Հակոբյանի պաշտպանը բողոք-գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Բողոք-գանգատը երեկ եմ ուղարկել, դեռ փոստում է: ՄԻԵԴ-ը կուսումնասիրի բողոքը, կտեսնի` հիմքերը առկա են, ձեւակերպումները ճիշտ են, իրենց ձեւաչափերին համապատսխանում է, թե ոչ, նոր վարույթ կընդունի»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը:
Պաշտպանը հույս հայտնեց, որ ՄԻԵԴ-ը բողոք-գանգատը վարույթ կընդունի:
«Ուզում եմ հավատալ, որ այնտեղ, այնուամենայնիվ, օբյեկտիվ կգտնվեն եւ մեր դատարաններին արժանի գնահատականներ կտան»,-ասաց Արսենյանը:
Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը «բանդայի» պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանին դատապարտեց 15, Դավիթ Գալստյանին եւ Սամվել Դավթյանին՝ նույնպես 15, Արթուր Մանուկյանին՝ 11 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման: ՀՀ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները մերժել են «բանդայի» գործով առաջին ատյանի դատավճիռը բեկանելու վերաբերյալ բողոքները:
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը, Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա:




























