Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին փետրվարի 2-ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մարմնի տարբեր վնասվածքներով Երեւանի Աստղիկ բժշկական կենտրոն տեղափոխված Էդիկ Իսայանին, որի մոտ հայտնաբերվել է ազդոսկրի գլխիկի կոտրվածք այսօր` փետրվարի 17-ին, վիրահատել են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը՝ նշելով, որ Էդիկն իրեն այժմ լավ է զգում:
Հիշեցնենք, որ Էդիկը փետրվարի 7-ին Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել էր հիվանդասենյակ:
Իսկ նույն ավտովթարի հետեւանքով մարմնի տարբեր վնասվածքներով Հրազդան բժշկական կենտրոնից Երեւանի Աստղիկ բժշկական կենտրոն տեղափոխված Կարեն Մանուկյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, նա միացված է արհեստական շնչառության ապարատին, անգիտակից վիճակում է:
Նշենք, որ մեզ հետ զրույցում Ռոբերտ Կուրղինյանը նշել էր, որ Կարեն Մանուկյանը ունի գլխուղեղի լուրջ վնասվածքներ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին փետրվարի 2-ին տեղի է ունեցել ավտովթար, բախվել են «Ֆոլցվագեն Վենտո» մակնիշի 34 OS 642 (վարորդ՝ 1991 թ. ծնված Կ. Ս.) եւ «ՎԱԶ-21014» մակնիշի 35 PO 699 համարանիշների ավտոմեքենաները:




























