«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մարտ-ապրիլին ՀՀ կժամանի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանը երեկ «Հայկական ժամանակի» թղթակցին հայտնել է, որ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա ՀՀ-ում:
«Նախնական պայմանավորվածության համաձայն, նիստը տեղի կունենա մարտ-ապրիլ ամիսներին: Այժմ անդամ երկրների վարչապետների հետ համաձայնեցվում է նիստի կոնկրետ ժամկետը»,- ասել է Կարայանը:
Հիշեցնենք, որ 2015 թվականի սեպտեմբերին Գրոդնոյում տեղի ունեցած միջկառավարական խորհրդի 2-րդ նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդամ երկրների վարչապետերին հրավիրել էր հաջորդ նիստը Հայաստանում անցկացնել: Առաջարկն ընդունվել էր: Ավելի ուշ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողներին հայտնել էր, որ այդ նիստը Երեւանում կանցկացվի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին, ու հետեւաբար, հենց այդ ժամկետներում էլ Հայաստան կժամանի Ռուսաստանի վարչապետը, ինչը, սակայն, այդպես էլ տեղի չունեցավ:
Կարծիք կա, որ Հովիկ Աբրահամյանի հետ ջերմ հարաբերություններ չունենալու պատճառով Մեդվեդեւն է խուսափել գալ ՀՀ: Ուշագրավ է, որ սույն նիստը տեղի կունենա այն ժամանակ եւ Մեդվեդեւը Հայաստան կգա այն ժամանակ, երբ ԵՏՄ վարչապետ է Տիգրան Սարգսյանը, որին Մեդվեդեւը նախօրեին բավական շռայլ ու ջերմ խոսքեր էր հղել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























