Հայաստանի զարգացման hիմնադրամը, Հայաստանում Շվեդիայի դեսպանության հետ համատեղ Ստոկհոլմում փետրվարի 17-ին կազմակերպել է հայ-շվեդական գործարար համաժողով, որին մասնակցել են մոտ 100 շվեդական ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Շվեդիայի արտգործնախարարության, Առեւտրի հանձնաժողովի, Շվեդիա-Ռուսաստան առեւտրաարդյունաբերական պալատի եւ «Բիզնես Շվեդիա» կառույցի ներկայացուցիչներ:
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացման խոսքում կողմերը ողջունել են նման ձեւաչափով գործարարների հանդիպումը եւ կարեւորել դրանց շարունակական բնույթը: Գործարար համաժողովի ընթացքում ներկայացվել են զարգացման հեռանկար ունեցող տեղական եւ տարածաշրջանային համագործակցության հնարավոր ոլորտները, այդ թվում՝ էներգետիկա, տրանսպորտ, ենթակառուցվածքներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, սննդարդյունաբերություն, ոսկերչություն, ադամանդագործություն եւ այլն: Ներկայացվել են նաեւ Եվրասիական տնտեսական միության անդամակցությամբ պայմանավորված Հայաստանի տնտեսական հնարավորությունները, ինչպես նաեւ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմամբ պայմանավորված շվեդական ընկերությունների համար Հայաստանի հնարավոր կամրջող դերը դեպի Իրանի շուկա:
«Գործարարների միջեւ կապերի ընդլայնումն ու փոխգործակցության զարգացումը հնարավորինս խրախուսելու նպատակով շատ կարեւոր է նմանատիպ հանդիպումների ձեւաչափը, որը թույլ է տալիս Շվեդիայի գործարարներին անմիջականորեն ներկայացնել Հայաստանի տնտեսական բարեփոխումների՝ կառավարության օրակարգը, գործարար եւ ներդրումային միջավայրի բարեփոխումների ընթացքը եւ արդյունքները, Հայաստանի միջազգային առեւտրային արտոնյալ ռեժիմները, տնտեսական եւ գործարար միջավայրի հնարավորություններն ու գրավչությունը, ինչպես նաեւ ներդրումային ծրագրերը»- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:
Կողմերը համակարծիք են եղել, որ հայ-շվեդական տնտեսական հարաբերությունները մեծ ներուժ ունեն, որը լիարժեք օգտագործելու համար նման հանդիպումները լավ հիմք են համագործակցությունը զարգացնելու նպատակով:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկուստեք խրախուսել գործարարների միջեւ կապերի խորացումը եւ բազմակողմանի զարգացումը, իսկ մոտ ապագայում կազմակերպել շվեդ գործարարների այց Հայաստան եւ գործարար համաժողով Երեւանում:


























