ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խնդրում է բոլորին խուճապի չմատնվել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի՝ հիվանդանոց տեղափոխվելու պատճառով, քանի որ նրա հետ ամեն ինչ կարգին է:

«Խոսեցի հետը, իրեն շատ դրական էր զգում, ճնշումի տատանում էր, ինսու՞լտ, չէ էդպիսի բան չկա: Մի անհագստացեք, խնդրում եմ խուճապի չմատնվեք, ամեն ինչ նորմալ է»,-NEWS.am-ի թղթակցին ասաց նախօրեին ԱԺ նախագահին հիվանդանոց տեսակցության եկած Վահրամ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ փետրվարի 17-ի առավոտյան իր մոտ էլ է ճնշումի տատանում նկատվել, սակայն, Գալուստ Սահակյանի նման համալիր հետազոտության, կարծես թե, չէր ենթարկվել:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում եւս ժխտեց, որ Գալուստ Սահակյանը սրտի հետ կապված խնդիրներ ունի: «Չէ, ի՞նչ ինսուլտ, ամեն ինչ նորմալ է, մենք պարզապես նրան խնդրեցինք մնալ հիվանդանոցում»,-ասաց Գալուստ Սահակյանին հիվանդանոցում տեսակցած Շարմազանովը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին փետրվարի 17-ի երեկոյան շտապ տեղափոխել են 1-ին համալսարանական հիվանդանոց, քանի որ ճնշման կտրուկ տատանում է եղել:

Բժիշկները սկզբում ԱԺ նախագահի մոտ սրտի հետ կապված խնդիրներ էին կասկածում, սակայն դրանք ժխտվել են։ Գալուստ Սահակյանին մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆով հետազոտվել է: Նրա առողջական վիճակը ծանր չէ, եւ առավոտյան, ըստ ամենայնի, դուրս կգրեն հիվանդանոցից:

Գալուստ Սահակյանը դեռեւս «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում է, կենթարկվի եւս մի քանի հետազոտությունների: