«Ազգային ինքնորոշում միավորման» մի քանի տասնյակ անդամներ այսօր`փետրվարի 18-ին, Երեւանի Հանրապետության հրապարակից շարժվեցին Գառնի` ծաղիկներ դնելու 1921-ի փետրվարի 18-ի ապստամբությանը զոհված հերոսների գերեզմաններին:
«Սա կարեւոր օր է, խորհրդանշում է հայ ժողովրդի ազատասիրությունը: Այս օրը 1921թ. մարդիկ ապստամբեցին կոմունիստական բռնապետության դեմ, ազատագրեցին Երեւանը, մեր ժողովուրդն այդ քայլով հասկացավ, որ հնարավոր է ընդվզել եւ բռնապետության դեմ»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի նախագահ Արկադի Վարդանյան:
Ավտոերթը կշարժվի Լենինգրադյան, Սեբաստիայի, Բագրատունյաց, Արշակունյաց, Տիգրան Մեծի, Նալբանդյան, Սայաթ Նովա, Բաղրամյան, Կասյան, Դավիթ Անհաղթի, փողոցներով եւ H3 ճանապարհով դեպի Գառնի։
Նշենք, որ 1921 թվականի փետրվարի 18-ին Հայաստանում ժողովուրդն ապստամբություն բարձրացրեց ընդդեմ նոր հաստատված բոլշեւիկյան իշխանության եւ քշեց նրանց Երեւանից:
Հայաստանում ժողովրդական ապստամբությունը եւ քաղաքացիական կռիվներն սկսվեցին տարերայնորեն եւ ընդգրկեցին մի շարք շրջաններ։ Ժողովրդական զինված պայքարի գլուխ էին կանգնել նախկին խմբապետերը։ Փետրվարի 16–18-ը ապստամբները մի շարք շրջաններում իշխանությունը վերցրին իրենց ձեռքը։ Փետրվարի 18-ին ապստամբ ուժերը Կուռո Թարխանյանի եւ Բաշգառնեցի Մարտիրոսի գլխավորությամբ մտան Երեւան։ Նրանց օգնեց այն հանգամանքը, որ 11-րդ բանակի զորամասերը դուրս էին բերվել Հայաստանից՝Վրաստանի խորհրդայնացմանը մասնակցելու համար։ Երեւանում ստեղծվեց «Հայրենիքի փրկության կոմիտե»[2]՝ նախկին վարչապետ Սիմոն Վրացյանի նախագահությամբ:
Մինչև հետ քաշվելը՝ բոլշևիկները մեկ գիշերվա ընթացքում կացնահարեցին Երևանի բանտում պահվող գրեթե բոլոր բանտարկյալներին։
Խորհրդային զորքերը ապրիլի 2-ին մտան Երևան, որտեղ վերահաստատվեց խորհրդային իշխանությունը։





























