Մի քանի տասնյակ նաիրիտցիներ այսօր՝ փետրվարի 18-ին, հավաքվել են Ազգային ժողովի դիմաց՝ պահանջելով ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովից դադարեցնել անգործությունը եւ զբաղվել «Նաիրիտ» գործարանի վերագործարկման հարցերով:
NEWS.am-ի հետ զրույցում «Նաիրիտի» կաուչուկի արտադրամասում 39 տարի աշխատած Նորիկ Ղահրամանյանը, նշեց, որ հանձնաժողովը արդեն մի քանի ամիս գործում է, սակայն իրենք նկատելի փոփոխություններ կամ որեւէ առաջընթաց չեն նկատել:
«Մինչեւ երեխան չի լացում մայրը կաթ չի տալիս, եկել ենք, հիշեցնենք, որ երեխան լացում է, մեզ տեր եղեք»,-ասաց նաիրիտցին:
«Նաիրիտի» նախկին աշխատակից Զոհրակ Հովհաննիսյանի խոսքով՝ հանձնաժողովի անդամները «անգործությունը» պատճառաբանում են նրանով, որ գործարանը ծրագրեր չէր, ներկայացնում, սակայն շուրջ մեկուկես ամիս է ծրագիրը ներկայացվել է, սակայն դեռեւս չի քննարկվել, ինչը պետք է արվեր:
Անահիտ Մանուկյանը, որը 40 տարի աշխատել է «Նաիրիտում» որպես ինժեներ-քիմիկ NEWS.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ Կառավարությունը մոտ ապագայում տեսանելի քայլեր կձեռնարկի գործարանի վերագործարկման հետ կապված:
«Հույս ունենք, որ մեր Կառավարությունը այնքան խելամիտ կգտնվի, որ Նաիրիտը կգործարկվի, որովհետեւ այն Հայաստանի հարստությունն է»,-ասաց նաիրիտցին:
Նշենք, որ նաիրիտցիները նախատեսում են նույն պահանջով Ազգային ժողովից երթով շարժվել դեպի Կառավարություն:
Հիշեցնենք, որ ձեռնարկությունը չի աշխատում 2010թ. ապրիլից: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն ասել էր, որ եթե լինի պոտենցիալ ներդրող, պետությունը պատրաստ է սառեցնել պարտքերը եւ վերագործարկել «Նաիրիտ» գործարանը:





























