Հայաստանի Հանրապետական կուսակցության համագործակցությունը Հայ հեղափոխական Դաշնակցության հետ երկարատեւ կլինի: Այդ մասին փետրվարի 18-ի մամուլի ասուլիսին հայտնել է Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ պատգամավոր, խորհրդարանի Ֆինանսա-վարկային եւ բյուջետային հանձնաժողովի ղեկավոր Գագիկ Մինասյանը: 

Նրա խոսքով, ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ հետեւողական աշխատանք է կատարում նոր կոալիցիայի ստեղծման ուղղությամբ եւ մոտ ապագայում այն կավարտվի: Ի պատասխան այն հարցին, թե իշխող կուսակցությունն ինչու է համագործակցում հենց ՀՅԴ-ի հետ, Մինասյանն ասել է.  «Մենք միշտ ասել ենք, որ մեր կուսակցությունը բաց է երկրի առաջ կանգնած խնդիրների շուրջ քաղաքական ուժերի հետ համագործակցության տեսանկյունից: Եվ ցանկացած կուսակցություն, լինի այն ընդդիմադիր, իշխանական թե այլընտրանքային, հնարավորություն ունի համագործակցել մեզ հետ: Եվ եթե մենք ընդհանուր հետաքրքրություններ գտնենք, կարող ենք ընդհանուր հայտարարի գալ եւ լուծել այդ խնդիրները»: Այն խնդիրները, որոնք ՀՀԿ-ն փորձում է ՀՅԴ-ի հետ լուծել, պատգամավորի կարծիքով, երկար ժամանակ են պահանջում: «Դրանք բխում են Սահմանադրության նոր տարբերակը կյանքի կոչելու անհրաժեշտությունից: Մենք ՀՅԴ-ի հետ բանակցություններ ենք վարում բոլոր այն խնդիրների շուրջ, որոնք կանգնած են մեր երկրի առաջ», - հավելել է Գագիկ Մինասյանը: