Շատ կարեւոր է, որ այնպիսի կարեւոր փաստաթուղթ, ինչպիսին է ՀՀ Ընտրական օրենսգիրքը, մշակվի եւ ընդունվի առավելագույն հնարավոր լայն քննարկման արդյունքում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ գագիկ Մինասյանը:
Անդրադառնալով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ցանկությանը, որոնք ուզում են մասնակցել ԸՕ-ի մշակման աշխատանքներին, պատգամավորը նշել է, որ նրանց մասնակցությունը պետք է միայն ողջունել: «Կարծում եմ, որ նրանք հնարավորություն կունենան ներկայացնել իրենց առաջարկները քննարկումների ժամանակ: Ակնհայտ է, որ բոլոր այդ առաջարկությունները երբեմն հակասում են միմյանց, եւ ճիշտ որոշումը գտնելն այն խմբի առաքելությունն է, որը կմշակի ու կներկայացնի Ընտրական օրենսգիրքը Ազգային ժողովին»,-ընդգծել է Գագիկ Մինասյանը:
Նշենք, որ նոր Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի մինչեւ հունիսի 1-ը: Հաջորդ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2017-ի գարնանը:





























