ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր պաշտոնավարման 7 տարիների ընթացքում կրթությունը եւ քաղաքականությունը շատ մերձեցրեց: Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով Արմեն Աշոտյանի հնարավոր պաշտանանկությանը եւ նրա գործունեության դրական եւ բացասական կողմերին:
«Աշոտյանի օրոք կրթությունը եւ քաղաքականությունը շատ մերձեցան: Դպրոցները մի րոպե մոռացան, որ իրենք կրթության կազմակերպիչներ են, ու հատուկ ջանասիրությամբ սկսեցին դառնալ ՀՀԿ-ականներ, դրանից ավելի վատ բան չկա»,-նշեց նա:
Անահիտ Բախշյանի խոսքով՝ Արմեն Աշոտյանի գործունեության ամենադրական արդյունքները Հայաստանում ավագ դպրոցի կայացումը եւ ներառական կրթությունը օրենք դարձնելն է եղել:
«Աշոտյանի օրոք այս երկու ուղղություններով սկսվեցին ինչ-որ քայլեր արվել: Սա շատ կարեւոր բան էր, իր երիտասարդ, բաց լինելու կարողությունը շատ օգնեց, որ ինքը շատ արագ ընկալի, թե ինչքան կարեւոր է այդ կրթությունը հասարակության առողջացման, հանդուրժողականության մակարդակը երկրում բարձրացնելու համար: Սրա համար մենք իրեն պետք է շնորհակալ լինենք»,-ասաց Բախշյանը:
Նշենք, որ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ձեւավորման արդյունքում հնարավոր են մի շարք նախարարների՝ այդ թվում Կրթության եւ գիտության նախարարի փոփոխություն:





























