Բարեբախտաբար, վերջին տարիներին փետրվարի 19-ն իսկապես վերածվել է գրքի տոնի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքեմնիկ Նիկողոսյանը:
Նրա խոսքով, Երեւանը «գրքի մայրաքաղաք» հռչակելը էականորեն փոխեց գրքի հանդեպ մոտեցումը: Նիկողոսյանը հիշեցրել է, որ 2008 թվականին Հայաստանի գրողների միության այն ժամանակվա նախագահ Լեւոն Անանյանի նախաձեռնությամբ որոշում է կայացվել, որ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշվի որպես գրքի տոն:
«2012-ից ի վեր այդ օրը տոնի է վերածվել: Դրանում կարեւոր դեր են խաղացել հատկապես երիտասարդ գրողներն ու հրատարակչությունները: Գիրքն այսօր լավ նվեր է համարվում ու ոչ միայն Գրքի օրը: Վաղը կարելի է համոզվել դրանում»,-ընդգծել է Արքեմնիկ Նիկողոսյանը:
Երիտասարդ գրողներից նա առանձնացրեց Գուրգեն Խանջյանին, Հովհաննես Թենգեզյանին, Արամ Պաչյանին: Վերջինիս գրքերը թարգմանվել են ուկրաիներեն եւ բավական ջերմ ընդունելության արժանացել: «ՆՐանա նույնիսկ կոչել են ժամանակակից հայկական Կաֆկա: Մեզ համար կարեւոր է, որ մեր երիտասարդ գրողները դուրս գան նաեւ միջազգային ասպարեզ»,-հավելել է Նիկողոսյանը:



























