Հայաստանում ալյուրը 2015թ. միջինում 30 տոկոսով էժանացել է, սակայն հացը չէր կարող այդքանով էժանանալ։ Այս մասին փետրվարի 18-ին կայացած Կառավարության նիստին ասել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանը։

Նրա խոսքով՝ 2015թ. ալյուրն էժանացել է միջինում 30 տոկոսով, իսկ հացը՝ 9-10։ Հարցը որոշել է պարզել Պետական հանձնաժողովը՝ ուսումնասիրելով երկրի 9-10 խոշոր գացի գործարանների գործունեությունը։ Ալյուրի էժանացումը կապում են ռուսական շուկայի հետ, քանի որ 2015թ. ԵՏՄ-ին անդամակցելուց հետո այն ավելի մեծ ծավալներով է ներկրվում ՌԴ-ից։ Այդուհանդերձ Պետական հանձնաժողովի հաշվարկներով՝ հացի ինքնարժեքում ալյուրի բաժինը 52.3 տոկոս է։ Մյուս ազդող գործոնները՝ գազը, էլեկտրաէներգիան, թանկացել են։ Էլեկտրաէներգիայի թանկացումը հանգեցրել է հացի 25.4 տոկոսով թանկանալուն, իսկ գազը՝ 7.9 տոկոսով։ «Բացի այդ, նշված 30 տոկոսը միջին թիվ է։ Իսկ Հայաստանում հիմնականում օգտագործում են բարձր տեսակի ալյուր, որն ավելի քիչ է էժանացել»,- ասել է Շաբոյանը։