Ձմռան ամիսներին առատ ձյան հետեւանքով քանդված ավտոճանապարհները կնորոգվեն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը։

«Եղանակային պայմաններն իրենց ազդեցությունը թողնում են ավտոճանապարհների վրա, այդ պատճառով Տրանսպորտի եւ կապի նախարարության ենթակայության տակ գտնվող ավտոճանապարհների սպասարկման համար կնքված են համապատասխան պայմանագրեր, որոնք երկարաժամկետ են եւ նախատեսում են ամառային եւ ձմեռային պահպանություն։ Ձմեռային պահպանությունը ենթադրում է ձյան խնդիրը լուծել եւ ճանապարհներն անցանելի պահել։ Ամառայինն էլ իր հերթին ունի պարտավորություն՝ փոսային նորոգում իրականացնելու»,- ասաց Արթուր Առաքելյանը։

Նշենք, որ վարորդները դժգոհում են, որ հունվարին տեղացած առատ ձյան հետեւանքով Հանրապետության մի շարք ավտոճանապարհներ քանդվել են։