ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Վերակենդանացման բաժանմունքում է: Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց ԱԺ նախագահին այցելած ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ նշելով, որ դա պայմանավորված է ոչ թե նրա վիճակի ծանրությամբ,  այլ որպեսզի այցելուները չանհագստացնեն:

«Շատ լավ էր, անհոգ եղեք, վիճակը կայուն էր, ոչ մի խնդիր չկա, լավ տրամադրությամբ, հսկողության տակ է: Սահակյանը համապատասխան բաժնում է,  առանձին սենյակ է հատկացված, որ այցելուները շատ չգնան, չանհանգստացնեն»,-ասաց Արմեն Մուրադյանը:

Նշենք, որ Արմեն Մուրադյանը հայտարարել էր, ԱԺ նախագահը նախատեսվածի պես այսօր դուրս չի գրվի հիվանդանոցից, քանի որ ապաքինման համար որոշ ժամանակ է անհրաժեշտ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին փետրվարի 17-ի երեկոյան շտապ տեղափոխել են 1-ին համալսարանական հիվանդանոց, քանի որ ճնշման կտրուկ տատանում է եղել:

Բժիշկները սկզբում ԱԺ նախագահի մոտ սրտի հետ կապված խնդիրներ էին կասկածում, սակայն դրանք ժխտվել են։ Գալուստ Սահակյանին մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆով հետազոտվել է: