Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղի հիմնական դպրոցը քիչ աշակերտներ ունենալու պատճառով փետրվարի 1–ին լուծարվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պաղաղբյուրի գյուղապետ Արուսյակ Դումիկյանն` նշելով, որ դպրոցի լուծարման որոշումը կայացվել է կառավարության կողմից։
«Որոշում է կայացվել լուծարել դպրոցը՝ վերականգնելու պայմանով: Աշակերտները 5-ն էին, այժմ նրանք հաճախելու են հարևան Ձյունաշողի դպրոց, գործազուրկ դարձած աշխատակիցների հարցն էլ քննարկվում է»,-ասաց գյուղապետը։
Նրա խսքով Պաղաղբյուրից մինչեւ Ձյունաշող 7 կմ է եւ, երկու համայնքների ղեկավարները, հարկ եղած դեպքում, կաջակցեն երեխաներին դպրոց հասնելու հարցում։
«Եթե հարկ լինի, երկու համայնքների ղեկավարներով կփորձենք նաև տրանսպորտի հարցը հոգալ»,-ասաց նա:
Արուսյակ Դումիկյանի խոսքով, պաղաղբյուրցի դպրոցահասակները սեպտեմբերից դեռ դպրոց չեն գնացել, նրանք նոր պետք է գնան հարեւան գյուղի դպրոց։
«Աշակերտների ծնողները արդեն սկսել են զբաղվել երեխաների անձնական գործերի տեղափոխման հարցերով, նոր են գնալու, սեպտեմբերից դասի չեն գնացել, քանի որ անորոշ վիճակ էր եւ ոչինչ պարզ չէր, թե ինչ է լինելու»,–ասաց նա:
Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց գյուղապետի ասածը, թե երեխաները սեպտեմբերի 1–ից դպրոց չեն հաճախել. «Նման բան չկա և չէր էլ կարող լինել»։




























