«Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարծիք» հասարակական կազմակերպության (Pink Armenia) ՀՀ Առողջապահության նախարարություն բողոք կներկայացնի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ բուժհաստատություններում խտրական վերաբերմունք ցուցաբերելու առնչությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կազմակերպության իրավաբան Լուսինե Ղազարյանը:

Լուսինե Ղազարյանի խոսքով՝ փետրվարի 15-ին, անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկված ԼԳԲՏ համայնքի 5 ներկայացուցիչներից մեկը դեպքի հաջորդ օրը դիմել է Երեւանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց բուժզննության ենթարկվելու նպատակով, որտեղ ըստ նրա, իրեն ծաղրուծանակի են ենթարկել:

«Դեպքի հաջորդ օրը գնացել է թիվ 1 հիվանդանոց, որտեղ վատ վերաբերմունք է դրսեւորվել նրա նկատմամաբ բուժանձնակազմի կողմից: Ինչպես ինքն է նշում, քմծիծաղ են տվել անձնակազմի անդամները, հետո հարեւան սենյակում բարձրաձայն ծիծաղել են, ասել են՝ արյան անալիզ անենք, տեսնենք՝ շեղում կա, շտկենք: Մի խոսքով այնպիսի պայմաններ են ստեղծել, որ անձը ուղղակի հրաժարվել է բժշկական ծառայություններից»,-պատմեց իրավաբանը:

Լուսինե Ղազարյանը նշեց, որ Առողջապահության նախարարություն բողոք հղելու նպատակն է՝ տեղեկացնել, թե բուժհաստատություններում ինչպիսի կանխակալ վերաբեմունք են ցուցաբերում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ:

«Առողջապահության նախարարությունը պետք է տեղյակ լինի, թե բժշկական հաստատություններում ինչ կանխակալ ու խտրական վերաբերմունք են ցուցաբերում տարբեր անձանց նկատմամբ բժշկական սպասարկման ժամանակ»,-ասաց իրավաբանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  փետրվարի 15-ի երեկոյան Երեւանի «Առագաստ» սրճարանի մոտակայքում ծեծի են ենթարկել LGBT համայնքի 5 ներկայացուցչի: Նրանք բողոք են ներկայացրել ոստիկանություն: