ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ փետրվարի 18-ին, անփոփոխ է թողել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ 2 տարի առաջ սպանության սպառնալիքներ տալու համար 120 հազար դրամով տուգանված եւ համաներմամբ ազատ արձակված Արտակ Բուդաղյանի նկատմամբ՝ առաջին ատյանի դատավճիռը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Պաշտպանը Վերաքննիչի այս որոշումը պայմանավորեց «Սուրիկ Խաչատրյանի ազդեցությամբ»:
Հայկ Ալումյանը նշեց, որ դիմելու է Վճռաբեկ դատարան, որի հետ եւս մեծ հույսեր չի կապում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արտակ Բուդաղյանին մեղավոր է ճանաչել, տուգանել 120 հազար դրամով: Դատարանը համաներում է կիրառել Բուդաղյանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմանում, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչել էին կրակոցներ, ինչի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանն էր, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը: Մյուս վիրավորը Նիկոլայ Աբրահամյանն է, որը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը:
Արտակ Բուդայանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 137-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա հարազատների հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու համար:





























