ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի՝ Երեւան քաղաքի Մամիկոնյանց 34 հասցեում գտնվող, Սարաջեւի անվան երաժշտական դպրոցում տեղակայված թիվ 4/05 տեղամասի հանձնաժողովի նախագահ Սերգեյ Ավագյանը խոչընդոտել է հիշյալ տեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող Գոհար Աբրահամյանի լիազորությունների իրականացմանը:
Մասնավորապես՝ հիշյալ տեղամասի նախագահ Ս. Ավագյանը նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, նկատել է, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության դիտորդ Գոհար Աբրահամյանը բջջային հեռախոսով ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածով նախատեսված կարգով տեսաձայնագրում է քաղաքացու հայտարարությունը:
Ս. Ավագյանը տեղեկանալով, որ Գոհար Աբրահամյանը տեսանկարահանմամբ արձանագրում է քաղաքացիներ Նինա Մակարյանի եւ նրա հարեւանուհի Աշխեն Խալաֆյանի հայտարարությունը՝ վերջինիս դստեր Տաթեւիկ Հարությունյանի Հայաստանից բացակայելու եւ նրա փոխարեն այլ անձի կողմից քվեարկած լինելու վերաբերյալ, դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ, տեղամասի նախագահը մոտեցել եւ Գ. Աբրահամյանի ձեռքից խլել է բջջային հեռախոսն ու նրան զրկել ընտրախախտումն արձանագրելու հնարավորությունից՝ այդ կերպ խոչընդոտելով է նրա` ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ եւ 31-րդ հոդվածներով նախատեսված լիազորությունների իրականացմանը:
Վերը նշված հանցավոր արարքը կատարելու համար Սերգեյ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտելուց հետո քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:
Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2016 թվականի փետրվարի 15-ին հաղորդագրություն էր տարածել, որ անհայտ անձի կողմից 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի թիվ 4/05 տեղամասի ընտրողների ցուցակում հաշվառված անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` քննչական ենթակայության կարգով ընթացքը լուծելու համար:
Տեղեկացնում ենք նաեւ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հանրաքվեի գործընթացների հետ կապված խախտումների փաստերով 2016 թվականի փետրվարի 18-ի դրությամբ քննվել են 33 քրեական գործեր, որոնցից 4-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 11 քրեական գործ կարճվել է, 1 քրեական գործ կասեցվել է, 2 քրեական գործ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, իսկ մնացած 15 քրեական գործերից 4-ով՝ 4 անձ ներգրավել է որպես մեղադրյալ:
Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:





























