«Օլիմպիական Հայաստան» մարզական միության մարզիչ Գարիկ Բաղդասարյանը հերքում է, որ օրեր առաջ իրեն եւ ընկերոջը՝ Նորայր Ս.-ին Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ծեծի են ենթարկել:
Գարիկ Բաղդասարյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Սպարտակ Ղուկասյանն իմ մանկության ընկերն է, իմ եղբայրը: Վարդան Ղուկասյանն այն մարդն է, որը հոր նման կանգնած է իմ թիկունքին: Նա իմ մարզական եւ մարզչական առաջընթացի հովանավորն է եւ աջակիցը: Ուստի անհասկանալի է, թե ում է անհրաժեշտ ինչ-որ ծեծկռտուքի մասին կեղծ լուրերի շրջանառությունը»:
Նորայր Ս.-ն նույնպես հերքում է ծեծկռտուքի մասին լուրերը: NEWS.am-ի խմբագրություն դիմած տղամարդը պատմել է, որ իրենք արդեն բացատրություն են տվել եւ հայտնել, որ նման միջադեպ տեղի չի ունեցել:
«Վիճաբանություն չի եղել, դատաբժշկի ուղեգիր են ինձ տվել, բոլոր փաստաթղթերը կան, մեզ չեն ծեծել, ոչ մի կռիվ չի եղել, ոստիկաններն էլ են եզրակացությունը տեսել»,- ասել է Նորայր Ս.-ն:
Նշենք, որ ոստիկանությունը հակառակն է պնդում: Ըստ ոստիկանության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության՝ փետրվարի 12-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 11-ին` կեսօրին, Գյումրիի Ռուսթավելու փողոցում գտնվող մանկական սրճարանում, վիճաբանության ժամանակ, 1983 թ. ծնված, նախկինում դատապարտված Սպարտակ Ղ.-ն իր ընկերոջ՝ 1986 թ. ծնված Պատվական Մ.-ի հետ մահակներով ծեծի են ենթարկել 1979 թ. ծնված Նորայր Ս.-ին և 1979 թ. ծնված Գարիկ Բ.-ին: Այնուհետև նույն օրվա գիշերը Գարիկ Բ.-ն գնացել է Սպարտակ Ղ.-ի հորը` 1961 թ. ծնված Վարդան Ղ.-ին պատկանող, նախկին դատարանի տարածքում գտնվող գրասենյակ, որտեղ կրկին տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Վարդան Ղ.-ի թիկնապահները ծեծի են ենթարկել Գարիկ Բ.-ին: Նույն օրը Վարդան Ղ.-ն Սպարտակ Ղ.-ի հետ ծեծել են 1970 թ. ծնված Արթուր Թ.-ին, իսկ 1982 թ. ծնված Կոլյա Ղ.-ն ծեծի է ենթարկել «Սլաբոտկա» թաղամասի բնակիչներից մեկին: Փետրվարի 16-ին նյութերի նախապատրաստման ընթացքում Պատվական Մ.-ն, Արթուր Թ.-ն, Նորայր Ս.-ն և Գարիկ Բ.-ն բացատրությաններ են տվել, որ փետրվարի 11-ին իրենք որևէ մեկի հետ չեն վիճաբանել, իրենց ոչ ոք չի հարվածել կամ հրել: Պատվական Մ.-ին, Արթուր Թ.-ին, Նորայր Ս.-ին, Գարիկ Բ.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Վարդան Ղ.-ն և Սպարտակ Ղ.-ն բաց են թողնվել: Ձեռնարկվում են միջոցառումներ թիկնապահների ինքնությունը պարզելու, նրանց և Կոլյա Ղ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:





























