Ցանկացած քաղաքական պաշտոն ենթակա է նմանատիպ գործընթացների եւ այլ մեկնաբանություններ տալու անհրաժեշտություն չկա: Իր պաշտոնը ՀՅԴ-ին տալու տեղեկություններին NEWS.am-ի թղթակցի հետ այսպես արձագանքեց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

«Ցանկացած քաղաքական պաշտոն ենթակա է այս կարգի գործընթացների, եւ հետեւաբար այլ մեկնաբանություններ տալու կարիք չկա: Թեեւ պաշտոնապես ոչինչ չկա, սակայն ասեմ, որ ոչ մի բան կիսատ չի մնա, ծրագրերը Կառավարության կողմից հաստատված են՝ անկախ ցանկացած որեւէ փոփոխությունից»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը:

Նախարարը վստահեցրեց, որ նման երեւույթներն ուղղված են ավելի արդյունավետ գործելուն:

Հիշեցնենք, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ Էկոնոմիկայի նախարար է նշանակվելու Արծվիկ Մինասյանը, ԿԳ նախարար՝ Լեւոն Մկրտչյանը, իսկ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար՝ Դավիթ Լոքյանը: ՀՅԴ-ին կտրվեն նաև Արագածոտնի և Շիրակի մարզպետների պաշտոնները:

ՀՀԿ-ի հետ համագործակցության փաստաթուղթը կոչվելու է «Քաղաքական համագործակացության մասին համաձայնագիր»: